«ՀԱԿ-ը գումար է վերցնում ԲՀԿ-ից, բնական է՝ ո՞նց կհամարձակվի դեմ խոսել ԵՏՄ-ին, երբ ԲՀԿ-ի ներկայացուցիչները մի մեծ տակառ կոնյակ են նվիրել Յանուկովիչին»
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը գնահատմամբ՝ արևմտամետ ՀԱԿ-ը պետք է լիներ ԵՏՄ-ի հետ Հայաստանի անդամակցության ամենաթունդ թշնամին, սակայն, քանի որ, ըստ նրա՝ ՀԱԿ-ը «գումար» է վերցնում ԲՀԿ-ից, ապա չի կարող իրեն թույլ տալ դեմ գնալ ԵՏՄ-ին:
«Քանի որ գումար է վերցնում ԲՀԿ-ից, բնական է՝ ո՞նց կհամարձակվի դեմ խոսել այն դեպքում, երբ ԲՀԿ-ի ներկայացուցիչները մի մեծ տակառ կոնյակ են նվիրել Յանուկովիչին: Իսկ այսօր Բելառուսը երևի ավելի դեմ է ԵՏՄ-ը կազմելուն, քան Հայաստանը: Եվ այս պայմաններում խնդիր է դրվում՝ Հայաստանում չպետք է լինի ընդդիմություն, որը հանկարծ դեպի արևմտյան քաղաքակրթության ուղղվածության քաղաքական գիծ տանի: Լևոն Տեր-Պետրոսյանի և մյուսների թիվ մեկ խնդիրն է պայքարել, որպեսզի Հայաստանում ոչ-ոք հանկարծ չասի՝ Մաքսային միությունն ավելի վատ է, քան Եվրամիությունը»:
Արշակ Սադոյանը ցավով հիշեց, որ իրենք են «մեծացրել» Լևոն Տեր-Պետրոսյանին. «Նա ռեալ հնարավորություններ ու հռետորական բավականին մեծ արվեստ ունի և կարողանում է ազդել իրեն լսողների վրա: Ժամանակին, երբ ԱԺ-ում ելույթ էր ունենում, ես նստում էի բազկաթոռին ու հետևում, թե ինչպես են մյուսները հիպնոսացած նրան նայում: Նա հիմնականում պատրաստված է հանդես գալիս և երեկվա ելույթն էլ ծայրից ծայր գրված ելույթ էր: Ասել, որ թիվ մեկ գործն է պայքարել, որ իրենցից այն կողմ ռեալ ընդդիմություն չլինի, պայքարել, որ Հայաստանը իր ապագա քաղաքականությունը կապի ասիական հետամնաց երկրների հետ, այսպես կոչված՝ ֆեոդալական զարգացումների հեռանկարի հետ, սրանից ավելի վնասակար բան չկա: Էլ ինչո՞վ են տարբերվում իշխանություններից: Իշխանությունը գնում, ստորագրում է, սրանք էլ ասում են՝ ոչ-ոք թարս չխոսի դրա մասին: Այս տիպի խայտառակ հանրահավաք էր»,- նկատեց նա:
Ա. Սադոյանը խայտառակ համարեց նաև ԲՀԿ-ի ծրագրային ելույթի ընթերցումը Ծառուկյանի կողմից. «Ելույթի մի մասում նա խոսեց իր սովորական ձևով՝ ես լավ եմ, ես թագավոր եմ և այլն, վերջում էլ, երբ ինչ-որ բաներ պետք է ասեր, ասաց՝ լավ, ուրիշների կողմից ինձ համար գրվածն էլ՝ կարդամ: Այսինքն՝ առաջին մասը՝ սովորական ինքնագովասանք, երկրորդ մասը՝ ուրիշների կողմից գրված մի երկու միտք, որը մեծ դժվարությամբ ընթերցեց»,- նշեց նա: