«Ընդդիմությունը, ըստ այս հայեցակարգի, ստանձնելու է իրական դերակատարությունը»

Երեկ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով 9-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել էր, որ իրենք կարևորում են, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչ:

Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա ոչ թե Վենետիկի հանձնաժողովինն է, այլ հենց մասնագիտական հանձնաժողովի առաջարկն է. «Հայեցակարգում ուղղակիորեն գրված է, որ կարելի է նախատեսել Ազգային ժողովի մարմինների ընդդիմության ներկայացուցչություն` առանց համամասնականության սկզբունքի պահպանման, օրինակ, ԱԺ փոխնախագահ: Բացի այդ, նույն հայեցակարգում նաև բազմաթիվ դրույթներ վերաբերում են ընդդիմությանը` թե՛ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և դրանք նախագահելու, և թե՛ առանձին պաշտոնատար անձանց ընտրությունների հարցում պատգամավորների որակյալ մեծամասնությամբ քվեարկության արդյունքները հաշվի առնելու մոտեցումը: Դա նշանակում է, որ ընդդիմությունը, ըստ այս հայեցակարգի, իրական դերակատարությունը ստանձնելու է»:

Ա.Մինասյանը նշեց, որ նույն հայեցակարգում առաջարկվում է, որպեսզի այդպիսի օրենքները նաև ընդունվեն որպես սահմանադրական օրենքներ կամ օրգանական օրենքներ. «Իսկ դա նշանակում է, որ փոքրամասնության կամ ընդդիմության իրավունքների պաշտպանությունն առարկայական է հայեցակարգի շրջանակներում»: Ըստ Ա. Մինասյանի` կատարելագործման տեղ, անշուշտ, ունի հայեցակարգը. «Պետք է փաստել, որ Վենետիկի հանձնաժողովը նույնպես դրական է գնահատել այս մոտեցումը և առաջարկել է, որ ինչքան հնարավոր է ավելի շատ հնարավորություն վերապահվի ընդդիմությանը` հակակշռելու, զսպելու և, ինչո՞ւ չէ, նաև վերահսկողության գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվելու ԱԺ փոխնախագահը: Ա. Մինասյանն ասաց, որ տարբեր բանաձևեր կան, միջազգային փորձն էլ է դրա վկայությունը. «Երկիր կա, որտեղ ուղղակիորեն խորհրդարանական ընդդիմադիր մեկ խմբակցությանն է վերապահվում, իսկ դա որոշվում է կա՛մ մեծից փոքրի սկզբունքով` հերթականությամբ, կա՛մ մեկանգամյա ակտ` խոշոր ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչին վերապահելու այդպիսի իրավունք: Այսինքն` միջազգային փորձում կա դրա օրենսդրական ձևակերպումը, այստեղ որևէ խնդիր չկա: Բայց կարևոր է ոչ թե ֆորմալ առումով պաշտոնի վերապահումը, այլ լիազորությունները, այսինքն` իրավունքների և պարտականությունների ամբողջությունը, որը տվյալ պաշտոնատար անձը` որպես ընդդիմության կողմից վստահության արժանացած անձ, պետք է իրացնի:

Սա է սկզբունքային հարցը: Քանի որ հայեցակարգում առաջադրվում է կառավարման խորհրդարանական ձևի անցումը, ըստ էության, քաղաքական բաժանարար գիծն արդեն անցնում է ոչ թե կառավարություն-Ազգային ժողով, այլ ԱԺ-ի քաղաքական պատկերում: Այս տեսակետից է՛լ ավելի է կարևորվում ընդդիմության դերակատարությունը: Ընդդիմություն-իշխանություն` որպես մեկ միասնական ամբողջություն, պետք է լինեն անհրաժեշտ հակակշիռներ, որպեսզի ապահովվի նաև ԱԺ-ի արդյունավետ գործունեությունը, այլ ոչ թե միայն մեծամասնության սկզբունքով շարժ կատարվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս