Համաժողովրդական մոբիլիզացիա՝ ցանկացած պահի

Երեկ կայացավ ոչ իշխանական ուժերի կազմակերպած երկրորդ՝ նախորդից զգալիորեն մարդաշատ հանրահավաքը, որը, ինչպես կազմակերպիչներն էին նախապես հայտարարում, պետք է լիներ գործողությունների հանրահավաք: Գործողություններ՝ որպես այդպիսին, երեկ տեղի չունեցան, չհաշված հանրահավաքին հաջորդած երթը: Հանրահավաքի հիմնական ինտրիգը, ինչպես և սպասվում էր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն էր: Նախորդ հանրահավաքին նա ասել էր, որ ժողովուրդն իրենից կլսի այն, ինչ սպասում է: Երեկ, սակայն, Գագիկ Ծառուկյանը շատ ընդհանրական ելույթ ունեցավ, առանց անունների քննադատեց իշխանություններին և երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, խոսեց քաղաքական մենաշնորհի ու դրա վերացման անհրաժեշտության մասին:

Ինչ վերաբերում է իշխանափոխության պահանջին, որը Ծառուկյանից ակնկալում էին լսել, ապա այն հնչեց ոչ այնքան ուղղակի, վերապահումով: Մասնավորապես, թվարկելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները, Ծառուկյանն ասաց. «Մենք վերահաստատում ենք մեր պահանջները՝ ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները»:

Եվ միայն դրանից հետո նա հայտարարեց. «Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել համաժողովրդական շարժման պահանջները՝ փողոցներում և հրապարակներում կանգնած հարյուր-հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ»: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ երեկվանից սկսած հանրապետության ողջ տարածքում ոչ իշխանական ուժերը սկսում են համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորում՝ ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար: Այսպիսով, չնայած երեկվա հանրահավաքում այլ գործիչների ունեցած ելույթների կոշտ հռետորաբանությանը, կարելի է արձանագրել, որ ոչ իշխանական ուժերը դեռևս սպառված չեն համարում իշխանության հետ երկխոսությունը, կամ, ինչպես հանրահավաքին նախորդող օրերին էին հայտարարում՝ բանակցությունները:

Նշենք նաև, որ չնայած երեկվա հանրահավաքում չհայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրը, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կկայանա հաջորդ ուրբաթ օրը: Համենայնդեպս, ՀԱԿ ներկայացուցչի կողմից Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացվել հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս