
Ռուսաստանը կողմ է ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև երկխոսությանը. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է թափանցիկ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներին ու ԵՏՄ-ի և ԵՄ-ի երկխոսությանը.
«Ինտեգրացիոն միավորումների աշխատանքը, տարածաշրջանային կառույցների փոխգործակցությունը պետք է կառուցվի թափանցիկ, հասկանալի հիմքով: Նման բացության լավ օրինակ կծառայի ԵՏՄ-ի ձևավորման գործընթացը:
Մենք նաև կողջունեինք ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև առարկայական երկխոսությունը: Պետք է խոսել նաև Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական տիրույթի ու հումանիտար համագործակցության մասին:
Ասիայի գործընկերների հետ Ռուսաստանի համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ երկիրը երես է թեքում Եվրոպայից: Այսօր պնդումներ են հնչում, թե Ռուսաստանն իբր շրջվում է Եվրոպայից, այլ գործընկերներ է փնտրում և առաջին հերթին Ասիայում: Դա բացարձակապես այդպես չէ»:
Պուտինը հավելել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) Ռուսաստանի ակտիվ քաղաքականությունը սկսվել է ոչ թե պատժամիջոցների ճնշման ներքո, այլ՝ պրագմատիկ նկատառումներից ելնելով, քանի որ Արևելքը գնալով ավելի նշանանակալից տեղ է զբաղեցնում աշխարհում, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: