
Ղազախստանում բացառիկ ծառայություններ են պատրաստում օլիգարխների հանգստի համար

Tengri News-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի Կենդերլի հանգստավայրը պատրաստվում է օլիգարխներին հրապուրել իր բացառիկ առաջարկներով, որոնց թվում են սև խավիարով սպան (խավիարով լեցուն լոգարան) և փոկերի հետ պարը:
Պլանավորված է Կասպիցի ծովի արևելյան ծովափին կառուցել 3.3 միլիարդ դոլար արժողությամբ զբոսաշրջային համալիր: Պլանի համաձայն՝ մինչև 2020 թվականն այն կունենա տարեկան ավելի քան կես միլիոն այցելու (զբոսաշրջիկ): Ենթադրվում է, որ նրանց կեսը կլինեն արտերկրից, ընդ որում՝ շատ խոստումնալից շուկա է համարվում Ռուսաստանը:
Ներկայումս նախագիծը գտնվում է ֆինանսավորման փուլում, դրա նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել իրանցի գործարարները՝ կառուցման գործընթացը ֆինանսավորելու համար:
5 տարի առաջ Կասպից ծովի նույն ափին՝ թուրքմենական Ավազ հանգստավայրում, բացվել էր նմանատիպ համալիր, որը, սակայն, չունեցավ այնքան այցելու, որքան որ սպասվում էր: