
Ռուսաստանը չի միջամտելու հայ մաքսավորների աշխատանքին. Անդրեյ Բելյանինով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ու ԼՂ-ի սահմանին մաքսավորների աշխատանքին:
Լրագրողներից մեկը նրան հարցրել է, թե «Արդյոք լուծվե՞լ է Հայաստանի ու ԼՂ-ի անվանական (նոմինալ) սահմանին մաքսավորների ներկայության հարցը»: Բելյանինովը պատասխանել է. «Ես ոչ վաղ անցյալում ներկայացուցիչ եմ նշանակել Հայաստանում: Շուտով նա կգա Հայաստան:
Ամենայն հավանականությամբ, նա կայցելի սահման, սակայն մենք չենք պլանավորում միջամտել հայ մաքսավորների աշխատանքին: Ներկայումս գլխավոր հարցն աշխատանքային լեզվի հարցն է:
Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Մաքսային միությունում մենք որպես աշխատանքային լեզու կիրառում ենք ռուսերենը, մինչդեռ Հայաստանում, ինչպես հայտնի է, կիրառվում է հայերենը»