
Վրաստանը ՌԴ-ից իրազեկում է ստացել հոկտեմբերի վերջից կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման մասին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական կողմը Ռուսաստանից ստացել է պաշտոնական բոլոր իրազեկումները՝ կապված երկու երկրների միջև ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման մասին: Այս մասին հայտարարել է Վրաստանի օդային փոխադրումների դեպարտամենտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ստացել և դիտարկում է այդ բոլոր փաստաթղթերը. «Ռուսական ավիաընկերությունների չվերթները պետք է իրականացվեն պլանին համաձայն: Այդ հարցը վերջնականապես կհստակեցվի մոտակա օրերին»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ռուսական «Աէրոֆլոտ» ու «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունները դեպի Թբիլիսի չվերթներ են սկսելու հոկտեմբերի վերջից, իսկ S7 ընկերության խմբի մեջ մտնող «Գլոբուս» ավիաընկերությունը՝ նոյեմբերի 2-ից: