
Բառոզուն ու վան Ռոմպեյը հրաժեշտի երեկո են կազմակերպել Բրյուսելում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն ու Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը իրենց պաշտոնները լքելու կապակցությամբ ԵՄ-ի գագաթաժողովի մասնակիցների համար կազմակերպել են հրաժեշտի երեկո՝ բելգիական գարեջրով ու պորտուգալական գինով:
Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Բառոզուն: Նրա խոսքերով՝ ընթրիքը սկսվել է բելգիական գարեջրից, որը Ռոմպեյի կարծիքով՝ լավագույնն է աշխարհում: Բելգիական գարեջրին հաջորդել է պորտուգալական գինին, ինչը Բառոզուն որակել է որպես մեծ համադրություն:
Երեկ Բրյուսելում մեկնարկել է ԵՄ-ի գագաթաժողովը, որի առաջին նիստում որոշվել է ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնել 40 տոկոսով և մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների դերը:
Բառոզուն ու Ռոմպեյն իրենց պաշտոններում 5 տարի մնալուց հետո դրանց հրաժեշտ են տալու հոկտեմբերի վերջին: Եվրահանձնաժողովի նոր ղեկավար է դառնում Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը: