Արտեմ Ասատրյանը՝ ժամանակավոր անաշխատունակության և հղիության-ծննդաբերության նպաստների մասին

«Վերջին 4 տարիների ընթացքում այս երկու ծրագրերի գծով՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստ և հղիության-ծննդաբերության նպաստ, պետական բյուջեով նախատեսված ծախսերը ավելացել են շուրջ 3 անգամ»,- «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին խոսելով՝ այսօր ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ այս ծրագրերի ֆինանսական ծախսերի վրա ազդեցություն ունեցող գործոններ կարող են լինել կա´մ ծնունդների քանակը, կա´մ աշխատավարձերի աճը, կա´մ հիվանդացության աճը: Նրա խոսքով՝ իրականացվել են այս գործոնների վերլուծություններ. «Այս գործոնների հետ կապված 3 անգամվա աճ չունենք մենք: Հետևաբար՝ պետք է հասկանալ խնդիրը կամ խնդիրները ինչո՞վ են պայմանավորված: Բնական է, որ մենք ուսումնասիրել ենք նաև Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված հաշվետվությունը: Դուք էլ, կարծում եմ, տեղյակ եք, մասնավորապես 2013թ. հաշվետվությանը, որը ներկայացվեց նաև Ազգային Ժողովում:

Փաստվում էր, որ բազմաթիվ են դեպքերը (իսկ մենք ավելի կոնկրետ գնատականան ունենք՝ շուրջ 20 տոկոսը նպաստառուների), որ աշխատանքի են ընդունվել վերջին 1-2 ամիսների ընթացքում, այսինքն՝ 1-2 ամիս հետո գնացել են հղիության-ծննդաբերության արձակուրդ՝ ստանալով նպաստները: Մյուս կողմից՝ աճել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասով հիվանդացության միջին տևողությունը:

Եթե նախկինում միջին տևողությունը շուրջ 7 օր էր, ապա վերջին տարվա ընթացքում այդ միջին տևողությունը կազմում է շուրջ 14 օր: Եվ հատկապես, փաստորեն, մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ հիվանդանում են բարձր աշխատավարձ ստացող և ավելի երկար ժամանակահատվածով անձինք, և ստացվում է, որ այն ծախսերը, որոնք նախատեսված են պետական բյուջեով, չեն բավարարում այդ ծրագրերն իրականացնելու համար:

Բնականաբար, եթե մենք գործ ունենայինք, օրինակ, ծնունդների աննախադեպ աճի հետ, վստահեցնում եմ, որ կառավարությունը մեծ ուրախությամբ այդ բյուջետային միջոցների ավելացումը կապահովեր, որովհետև այդ գործոնը բոլորիս համար, բնականաբար, շատ կարևոր է՝ որպես ժողովրդագրական դրական ազդեցույթուն ունեցող գործոն:

Բայց այն բնականոն աճը և այն ցուցանիշներն ու գործոնները, որոնք այսօր կան ու շարունակում են լինել, այդպիսի աճեր ցույց չեն տալիս ուղղակի, բայց դրա փոխարեն մի քանի անգամ աճում են ծախսերը: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք անդրադառնալու այս ծրագրերի հասեցականությանը, նպատակայնությանը և արդյունավետությանը: Եվ այս առումով, վերլուծելով խնդիրները՝ օրենսդրական նախաձեռնության միջոցով ներկայացվել է առաջարկություն խնդիրների լուծումների հետ կապված: Դրանք վերջնական լուծումներ չեն, դրանք առաջարկություններ են՝ բնական է՝ օրենսդրական նախաձեռնության տեսքով, որը մենք քննարկում ենք և պատրաստ ենք նաև շարունակել այդ քննարկումները, մինչև կգանք ամբողջական, լիարժեք լուծումների, որը թույլ կտա այս ծախսային ծրագրերը դարձնել առավել նպատակային, հասցեական և արդյունավետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս