Մատվիենկոն հուսով է, որ Տաջիկստանը ժամանակի ընթացքում կդառնա ԵՏՄ-ի անդամ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ Տաջիկստանը ժամանակի ընթացքում կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ.
«Մենք բանակցություններ ենք վարում մեր տաջիկ գործընկերների հետ, նրանք ուշադիր ուսումնասիրում են հնարավոր անդամակցության պայմանները: Մենք մեծապես հուսով ենք, որ ժամանակի ընթացքում Տաջիկստանը նույնպես կդառնա ԵՏՄ-ի մասնակից»:
Մատվիենկոն հիշեցրել է, որ ԵՏՄ-ի կազմավորման կապակցությամբ վերացվել է Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ). «Սակայն 56 պայմանագիր, որոնք գործել են ԵվրԱզԷՍ-ի շրջանակում, շարունակվում են, և Տաջիկստանն այդ համաձայնագրերի մասնակից է:
Ռուսաստանը հատուկ արտոնյալ պայմաններ է շնորհել տաջիկ ներգաղթյալներին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները: Իսկ եթե Տաջիկստանը դառնա ԵՏՄ-ի անդամ, ապա այդ երկրի քաղաքացիները կարող են ազատորեն տեղաշարժվել Միության տարածքում, ինչպես որ ԵՏՄ-ի անդամ մյուս երկրների քաղաքացիների պարագայում է»: