
Ես մնում եմ խաղի մեջ, որպեսզի վերադառնամ ու հաղթեմ. Բեռլուսկոնի

La Stampa թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ մտադիր է շարունակել իր քաղաքական կարիերան: Նա այդ մասին հայտարարել է իր գլխավորած աջակենտրոն «Առա՛ջ Իտալիա» կուսակցության սենատորների հետ հանդիպման ժամանակ:
78-ամյա Բեռլուսկոնին հույս է հայտնել, որ իր կուսակցությունը հաղթանակ կտանա խորհրդարանական հաջորդ ընտրություններում. «Ես մնում եմ խաղի մեջ, որպեսզի վերադառնամ ու հաղթեմ: Այն ամենից հետո, ինչ ես արել եմ իմ կյանքի ընթացքում, ես չեմ կարող ուղղակի հեռանալ քաղաքական ասպարեզից:
Ես ամեն օր աշխատում եմ ողջ օրվա ընթացքում, որովհետև ցանկանում եմ, որ թարմացված ու ուժեղացված «Առա՛ջ Իտալիան» վերադառնա ու հաղթի ընտրություններում»:
Բեռկուսկոնին վստահություն է հայտնել, որ Մատեո Ռենցիի կառավարությունը կմնա մինչև 2018 թվականը, ինչի համար էլ կա բավականաչափ ժամանակ՝ կուսակցությունը վերակազմավորելու ու հաղթելու համար: