
Գերմանիան անհամբերությամբ է սպասում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը. Շտայնմայեր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն այսօր Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան անհամբերությամբ է սպասում հոկտեմբերի վերջին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը:
Շտայնմայերը հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.
«Գերմանիան չափազանց մտահոգ է շփման գծի լարվածության կապակցությամբ և ուշադիր հետևում է իրավիճակին՝ ցանկանալով հակամարտության շուտափույթ կարգավորում»:
Շտայնմայերի խոսքերով՝ Ադրբեջանը կարևոր տեղ է զբաղեցնում Գերմանիայի արտաքին քաղաքական հայեցակարգում, այդ թվում նաև շնորհիվ նրա, որ ապահովում է Եվրոպայի էներգետիկ անկախությունը. «Իմ ադրբեջանական այցը միտված է երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Ներկա դրությամբ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նախորդ տարի Գերմանիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար:
Մենք ողջունում ենք այն առաքելությունը, որն այսօր Ադրբեջանն իրականացնում է որպես Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահող երկիր: Այդ առաքելության շրջանակներում մենք հատուկ ակնկալիքներ ունենք Ադրբեջանից»: