Մենք ձեռնարկում ենք բոլոր ջանքերը՝ պահպանելու համար Ժնևյան բանակցությունների ձևաչափը. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները ձեռնարկում են բոլոր ջանքերը՝ պահպանելու համար Ժնևյան միջազգային քննարկումների ձևաչափը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Նա ընդգծել է, որ Վրաստանի շահերից է բխում այդ ձևաչափի պահպանումը, և որ իրենք անում են ամեն ինչ որպեսզի ոչինչ չսպառնա ժնևյան ձևաչափին: Փանջիկիձեի խոսքերով՝ ռուսական կողմից, ինչպես նաև Սուխումի ու Ցխինվալի կողմից չեն դադարում բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը:

Ժնևյան բանակցությունների կարևորության մասին հայտարարել է նաև Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն. «Ժնևյան բանակցություններն ամենակարևորն են: Դա միջազգային ձևաչափ է, ուր դիտարկվում են բարդ հարցեր: Դրա համար էլ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պահպանվի այդ ձևաչափը»:

Ժնևյան քննարկումները ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի միջնորդությամբ անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերից՝ օգոստոսյան պատերազմից հետո: Ժնևյան հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պատվիրակությունները, աբխազական ու հարավօսական կողմերի ներկայացուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս