
Վադիմ Դուբնով. Համոզված չեմ, որ Ծառուկյանը դեմ կգնա իշխանությանը

«Ես համոզված չեմ, որ Ծառուկյանը դեմ կգնա իշխանությանը»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` խոսելով Հայաստանի ներքաղաքական գործընթացների մասին: Դուբնովը նախկինի նման կարծում է, որ Եռյակը բավական արհեստական միավորում է, և ընդհանրապես չի բացառում այն տարբերակը, որ երբ մոտենան ընտրությունների ժամկետները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հաշտվի իշխանության հետ և հանդես գա նրա անունից։
«Հայաստանի գործող իշխանությունն ունի բոլոր հնարավորությունները` Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու, նրան համոզելու և նրա հետ համաձայնության գալու համար: Ըստ իս` դա շատ լավ հասկանում են նաև Տեր-Պետրոսյանը և «Ժառանգությունը»»,- ասաց նա: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը` վերլուծաբանը նշեց, որ իր կարծիքով` այդ անդամակցությունը վիրտուալ բնույթ է կրելու, քանի որ կան մի շարք օբյեկտիվ տնտեսական իրողություններ, և պայմանագրի ստորագրումից հետո էլ այդ հարցում ոչինչ չի փոխվել: Վ. Դուբնովը նման գնահատական տվեց նաև ԵՏՄ-ի կապակցությամբ` ասելով, որ այն չի կարող հավակնել լուրջ քաղաքական միություն դառնալուն, և գուցե այն չփլուզվի, բայց պահպանվի ՀԱՊԿ-ի տարբերակով. գոյություն ունի, բայց ոչ ոք այն չի տեսնում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: