«Բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են իշխանությունների դեմ, պետք է նպաստեն Շ. Հարությունյանի և ընկերների շուտափույթ ազատ արձակմանը». Իրավապաշտպան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռը համարում է քաղաքական հաշվեհարդար, որը կայացվեց իշխանության կողմից: Այս մասին իրավապաշտպանն ասաց 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին:

«Այս իշխանությունները եկել են իշխանության մարտի 1-ի զոհերի արյան գնով, և նրանցից այլ բան սպասել, քան հաշվեհարդարը, հնարավոր էլ չէր: Այսինքն՝ զարմանալու կարիք չկա»,- ասում է նա:

Մեր այն դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ նման դատավճռի պատճառներից մեկն էլ  այն է, որ հասարակությունն ու միջազգային կառույցներն այնքան էլ ակտիվ չէին պայքարում Շ. Հարությունյանի և իր ընկերների համար, Վ.Հարությունյանն ասաց, որ ինքն այդպես չի մտածում. «Միջազգային կազմակերպությունների մասով ասելիք չունեմ, այդ հարցը կարող եք իրենց ուղղել, թե ինչու են իրենք պասիվ լինում ժամանակ առ ժամանակ կամ ընդհանրապես, իսկ ինչ վերաբերվում է հասարակությանը, ապա այստեղ բավականին լավ, ակտիվ պայքար է եղել, հրապարկվել են, լրատվամիջոցներն անդրադարձել են, հասարակությունը անդրադարձել է, մշտապես Շ. Հարությունյանի և ընկերների գործը եղել է հասարակության ուշադրության կենտրոնում, և մեղքը բարդել հասարակության վրա՝ այնքան էլ ճիշտ չէ: Մեղքը 100 %-ով պետք է բարդվի և բարդած է իշխանությունների վրա»:

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն հիմա, Վ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Որպես կանոն, քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, երբ երկրներում ինչ-որ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունենում: Պետք է ճնշում գործադրել այս իշխանույթունների վրա, որպեսզի նրանք կա՛մ ընդհանրապես հեռանան, կա՛մ ստիպված լինեն փոխել իրենց որոշումները»:

Ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ միայն «Ժառանգություն» կուսակցությունը խոսեց Շ. Հարությունյանի և իր ընկերների գործի մասին: Հարցին՝ եթե բոլոր ուժերը միասնական խոսեին նրանց ազատության մասին, հնարավո՞ր է այլ լիներ դատավճիռը, Վ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ես հանրահավաքին եղել եմ ու ինչքան գիտեմ՝ այնտեղ 3 ուժերը միասին էին: Այսինքն՝ մեկի ասածը վերբերվում է նաև մյուսներին, և մյուսները չհերքեցին: Երկրորդն էլ, այդ ուժերից մեկը օրերս հայտարարությամբ է հանդես եկել, որ նրանք քաղբանտարկյալներ են: Այսինքն՝ ես չեմ ուզում ուղղակի առանձնացնել նրանց իրարից: Նրանք իրար հետ մի գործընթացի մեջ են, թող լինեն այդ գործընթացի մեջ: Բոլոր ուժերն էլ ժամանակին հայտարարել են Շ.Հարությունյանի և նրա ընկերների մասին, իրենց վերաբերմունքը բավականին հստակ: Ես հիշում եմ՝ և՛ ԲՀԿ-ից պատգամավորների հայտարարություններ են եղել, և՛ ՀԱԿ-ից են եղել հայտարարություններ, և՛ «Ժառանգությունն» է մշտապես Շ. Հարությունյանին և ընկերներին անդրադարձել: Բողոքելու հիմքեր ես չունեմ»:

Հարցին էլ, թե կարո՞ղ ենք ակնկալել, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին էլ նրանք կանդարդառնան Շանթ Հարությունյանի և նրա ընկերների խնդրին, Վ.Հարությունյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ նրանք կանդրադառնա՞ն, թե՞ ոչ, բայց կարծում եմ՝ բոլոր այդ մեծ կամ փոքր միջոցառումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում և ուղղված են իշխանությունների դեմ, դրանք պետք է նպաստեն Շ.Հարությունայնի և ընկերների շուտափույթ ազատ արձակմանը»:

Տեսանյութեր

Լրահոս