
Մերկելը ԵՄ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային՝ ռուսական գազի դիմաց վճարում անելու համար

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր եվրոպացի գործընկերներին կոչ է արել Ուկրաինային հատկացնել ֆինանսական օգնություն՝ կապված Ռուսաստանի հետ նրա գազային կոնֆլիկտի հետ: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո Մերկելը հայտարարել է, որ յուրաքանչյուրը պետք է ներդրում ունենա այդ գործում:
Ֆիցոյի խոսքերով՝ գազամատակարարումը չպետք է ծառայի որպես մատակարար երկրի (Ռուսաստան) կողմից քաղաքական պայքարի գործիք. «Մենք Ուկրաինային գազի՝ այսպես կոչված ռևերսային մատակարարումների ապահովմամբ ստանձնել ենք պատասխանատվության մեր բաժինը»:
Դրա հետ մեկտեղ Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ կցանկանար Ուկրաինայի կողմից տեսնել ավելի ակտիվ գործողություններ. «Երբեմն ինձ թվում է, որ Ուկրաինան ձգտում է խնդիրների լուծմանը հասնել բոլորից, միայն թե ոչ իրենից»:
Ռուսական «Գազպրոմի» հաղորդմամբ՝ Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 4.5 միլիարդ դոլար: