
Բացառվում է, որ փաստացի Երևանում գործող բիզնեը ձևականորեն գրանցվի սահմանամերձ շրջաններում. փոխնախարար

«Բացառում ենք, որ որևէ ԱԱՀ վճարող սահմանամերձ շրջաններում օբյեկտ կդնի ու իր մեծածախ առևտուրը այնտեղ մանրածախ ցույց կտա: Այդ ռիսկերը հաշվի առնված են: Չի կարող այնտեղ ձևակերպել ու փաստացի արտադրություն չունենալով հարկերից ազատվել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ տնտեսվարողները սահմանամերձ շրջաններում ձևակերպեն իրենց գործունեությունը, բայց իրականում գործեն Երևանում:
Ըստ նրա՝ սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու գրավչությունը բավականին մեծ է, քանի որ տնտեսվարողները ազատվում են 40% հարկային բեռից. «Արտադրությունը ազատվելու է իրավաբանական անձի դեպքում 20% ԱԱՀ-ից և 20% շահութահարկից, ֆիզիկական անձի դեպքում 20% ԱԱՀ-ից և 24.4-26% եկամտային հարկից: Ընդ որում՝ չի պարտադրվում իրացնել հենց այդ գոտում, այդ հարցում տնտեսվարողն ազատ է: Առևտուրն ազատվում է շրջանառության հարկից»:
«Կարևոր է, որ այդտեղ ապրող մարդիկ աշխատանք ունենան ու զբաղված լինեն»,- հավելեց Վ.Միրումյանը: