Բաժիններ՝

Կադիրովն առաջարկել է անջատել համացանցը՝ երիտասարդությանը «Իսլամական պետությունից» հեռու պահելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ կարելի է անջատել համացանցը, որպեսզի երիտասարդությունը չընկնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության տակ.

«Մենք կարող ենք դիմակայել նրան, մեր իմամները երիտասարդների հետ աշխատում են ոչ միայն դպրոցներում ու բուհերում, այլև՝ սոցցանցերում: Սակայն խնդիրն այն է, որ յուրաքանչյուր ոք, ով ներկայումս օգտվում է համացանցից, կարող է նաև լսել այդ շայթաններին (սատանա):

Այժմ ես կողմ եմ դրա (համացանցի) անջատմանը: Ես կողմ եմ համացանցի անջատմանը միայն նրա համար, որ երիտասարդությունը հեռու մնած «կեղծ գաղափարախոսներից», թեև երազել եմ, որ հանրապետությունում, ինչպես և մյուս շրջաններում, զարգանա գլոբալ ցանցը»:

Կադիրովը կարծում է, որ «Իսլամական պետության» զինյալները քարոզում են իրենց գաղափարախոսությունը և փորձում են ամենուրեք տարածել այն. «Մենք դադարել ենք սպանել միմյանց, հանցագործություններ կատարել: Յուրաքանչյուր տանը կա այն (համացանցը):

Եվ այդ վահաբականը, շայթանը կարող է հայտնվել յուրաքանչյուր տանը: Անգամ իմ երեխան կարող է համացանցից օգտվելիս կարդալ նրանց քարոզը: Դրա համար էլ մեր իմամներն աշխատում են նաև սոցցանցերում»:

Կադիրովը կոչ է արել նաև ահաբեկչական կազմակերպության անվանումն օգտագործելիս զերծ մնալ «իսլամական» բառը կիրառելուց, քանի որ այն ընդհանուր ոչինչ չունի իսլամի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս