Բաժիններ՝

Արթուր Աբրահամ. «Կցանկանայի, որ ես ու մարզիչս իրար հետ ավարտեինք կարիերան»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին Հայաստանում է: Սա հերթական այցն է հայրենիք հերթական հաղթանակից հետո, և այստեղ կմնա դեռևս երեք շաբաթ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտիկն անդրադարձավ նախորդ մենամարտերին և խոսեց առաջիկա ծրագրերի մասին:

Նրա խոսքով՝ Փոլ Սմիթի հետ մենամարտում տարած հաղթանակն այնքան էլ հեշտ չտրվեց իրեն. «Հակառակորդը շատ ուժեղ ու ծանր հարվածներ էր հասցնում, այդ իսկ պատճառով էլ մենք այնպիսի մարտավարություն էինք ընտրել, որպեսզի նրան չթողնեինք հարվածները տեղ հասցնի: Այդպես միավորների բացարձակ առավելությամբ հաղթանակի հասանք, ինչի համար մարզիչս ավելի շատ ուրախացավ. նա սիրում է այդ մարտավարությունը, իսկ ես մի փոքր այլ տակտիկա եմ նախընտրում՝ ավելի հարձակվողական ոճի, որպեսզի անընդհատ հարվածներ հասցնեմ, հակառակորդին նոկաուտի ենթարկեմ»:

Հայտնի է, որ Փոլ Սմիթը վերջին մենամարտից հետո ռևանշ էր պահանջել, 168.am-ի հարցին, թե կցանկանա՞ր ևս մեկ անգամ ռինգում հանդիպել նրան, ևս մեկ մարտ անցկացնել նրա հետ, բռնցքամարտիկը պատասխանեց, որ մեծ հաճույքով ևս մեկ անգամ կմենամարտեր. «Բայց նա չի կարող ռևանշ պահանջել, միայն մենք կարող ենք նրան առաջարկել, քանի որ նրա պայմանագրի մեջ այդպիսի կետ չկա: Բայց եթե երկրպագուներն ուզենան, ես պատրաստ եմ իհարկե»:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում բռնցքամարտի վիճակը, զարգացման մակարդակը, արդյո՞ք 2016թ. Օլիմպիական խաղերում կարող ենք մեդալներ ակնկալել մեր հավաքականից. լրագրողների այս հարցին Արթուր Աբրահամը պատասխանեց, որ Հայաստանում բռնցքամարտը միշտ էլ լավ վիճակում է եղել և այդ առումով հույսեր, իհարկե, կարելի է կապել. «Մենք միշտ ունեցել ենք և ունենք շատ լավ սաներ, և հուսով եմ, որ մոտակա ժամանակներում և՛ Օլիմպիադայում, և՛ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում գոնե մեկ-երկու մեդալ անպայման կունենանք: Բայց ասեմ, որ Օլիմպիական խաղերում հաջողության հասնելը շատ դժվար է, քանի որ այնտեղ ուժեղ լինելն էլ է քիչ. այնտեղ պետք է նաև լավ կապեր ունենալ՝ հաղթանակի հասնելու համար: Բայց ես վստահ եմ, որ մեդալներ անպայման կլինեն»:

Կարդացեք նաև

Տեղեկություններ կան նաև, որ Արթուր Աբրահամի հաջորդ հակառակորդը կարող է լինել նոյեմբերի 7-ին կայանալիք Շտիգլից-Շտորմ մենամարտի հաղթողը. այդ ցանկությունը հենց ինքը՝ բռնցքամարտիկն էր հայտնել: Այսօր այս տեղեկությունը նա հաստատեց՝ ասելով, որ անպայման չէ՝ հաղթողի հետ լինի հաջորդ մենամարտը.

«Պատրաստ եմ մենամարտել նաև պարտվողի հետ, ինձ համար մեկ է, ես խնդիր չունեմ, և Գերմանիայում էլ երկրպագուները մեծ ցանկություն ունեն այդ մարտերը տեսնելու: Այդ իսկ պատճառով էլ մեծ է այդ հանդիպման հավանականությունը»:

Ա. Աբրահամն ասաց նաև, որ կցանկանար բռնցքամարտն ավարտել մարզչի՝ Ուլի Վեգների հետ միասին. «Դե հավանաբար մեկ-երկու տարուց թողնելու եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտը, բայց ո՛չ ես եմ կարողանում առանց իմ մարզչի, ո՛չ էլ նա՝ առանց ինձ, քանի որ մեր կյանքը կդառնա շատ ձանձրալի: Նրան պետք է մեկը, որի վրա կջղայնանա, կխոսի, իսկ ես էլ սիրում եմ իմ մարզչին, քանի որ նա ինձ զրոյից բարձրացրել է և հասցրել այս մակարդակին: Մենք մի թիմ ենք, մի ընտանիք, այդ իսկ պատճառով էլ կցանկանայի, որ ես ու մարզիչս իրար հետ ավարտեինք կարիերան»:

Անդրադառնալով նաև հարցին, թե երբ կլինի հաջորդ մենամարտը՝ Արթուրը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ հունվարի վերջին, բայց հակառակորդը դեռևս հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս