Չինաստանը բարդ է համարում կիբերանվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցությունը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին հարցերով խորհրդական Յան Ցզեչին Բոստոնում անցկացված բանակցությունների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հայտնել է, որ կիբերանվտանգության ոլորտում դժվար է պատկերացնել Չինաստանի ու ԱՄՆ-ի հետագա համագործակցությունը:
Չինացի քաղաքական գործիչի կարծիքով՝ տվյալ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության վերսկսումը կլինի չափազանց բարդ՝ ամերիկյան կողմի սխալ պրակտիկայի պատճառով.
«ԱՄՆ-ի սխալ գործողությունների հետ կապված՝ ներկա փուլում բարդ կլինի չին-ամերիկյան համագործակցության վերսկսումը և կիբերանվտանգության ոլորտում երկխոսությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ-ը քանիցս չինացի ցանցահեններին մեղադրել էր լրտեսության ու կիբերպատերազմ սանձազերծելու մեջ: Բացի այդ, ԱՄՆ-ը Չինաստանին ու Ռուսաստանին անվանել էր իր գլխավոր կիբեր սպառնալիքներ: