Պ. Հայրիկյանը՝ Շ. Հարությունյանի և մյուսների դատավճռի մասին. Որոշում են ցույց տալ՝ որ, այո՛, վերականգնվել է КГБ-ական իշխանությունը

«Դատավճռից ավելի, ինձ համար ցնցող էր մեկ այլ բան՝ իմացա, որ դատավճռի հրապարակումից առաջ ամբաստանյալների վերջին խոսքի իրավունքը խախտվել է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին՝ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Պ. Հայրիկյանը պատմեց, որ Սովետական Միության տարիներին ինքը մի քանի անգամ դատվելու «երջանկություն» է ունեցել, բայց նույնիսկ այն ժամանակ նման բան չէր եղել.

«Այս դատավորը մի բան է արել, որ ոչ թե Սովետական Միությունն է վերականգնել, այլ՝ Սովետական Միության ամենավատ ժամանակները, երբ լինում էին դեպքեր, որ կալանավորին ծեծելով՝ ստիպում էին ցուցմունք տալ, նա գալիս էր դատարան, դատարանում տեսնում էր՝ հարյուրավոր մարդիկ են նստած, ասում էր՝ վերջապես կարող եմ ճիշտն ասել, դատարանում ասում էր՝ ես այդ բոլորն ինձ վրա վերցրել եմ, որովհետև ինձ ստիպել են: Մեկ էլ հանկարծ այդ բոլորի ներկայությամբ սկսում էին ծեծել: Ասում էին՝ էս ի՞նչ ես անում, դրանք մեր մարդիկ են, ասել ես, պետք է շարունակես քեզ հանցավոր ճանաչել:

Վերջին խոսք, արդարադատություն, այդ բոլորը չկային՝ «տրոյկաները» հարցեր էին լուծում: Այստեղ այդ «տրոյկան էլ չկա»: Ինչ-որ տեղից հրաման են ստանում և որոշում են ցույց տալ՝ որ, այո՛, վերականգնվել է КГБ-ական իշխանությունը, և դա հենց այդպիսին է, ոչ թե նույնիսկ կոմունիստական: Իմ երեկվա զգացումների մեջ դա ամենատհաճն ու նողկալին էր»:

ԱԻՄ առաջնորդը նկատեց, որ հնարավոր է՝ եղել է հասարակական կարգի խախտում, կարող էին նաև խուլիգանության տարրեր տեսնել՝ իրենց իսկ սադրած քայլերի հետևանքով, բայց այդ ամենը որևէ կիսադեմոկրատական երկրում կավարտվեր նրանով, որ նախազգուշացում կտային, տուգանքի կենթարկեին, ստորագրություն կվերցնեին, որ այլևս փայտերով փողոց դուրս չեն գա, ու կավարտվեր.

«Բայց 15-ամյա պատանուն 4 տարվա պայմանական դատել, ինչ է՝ տեսել է՝ հայրիկի նկատմամբ բռնություն են գործադրում, միջամտել է, սա ամեն ինչից դուրս մի երևույթ է, և կարծում եմ, որ սա խայտառակություն է մեզ համար, ու այդ խայտառակությունն էլ նպատակադրված քայլ է: Այսինքն՝ հայ մարդուն ստիպում են զգալ, որ ինքն այս երկրում, այս հողի վրա, այս իշխանությունների պայմաններում մարդ չի, այլ ընդամենը՝ կայսրության մի հերթական իրավազուրկ միավոր»:

Տեսանյութեր

Լրահոս