Ֆլորիդայում ցմահ ազատազրկման են դատապարտել սևամորթ դեռահասին միտումնավոր սպանողին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի Մայքլ Դաննը, ով բարձր երաժշտության պատճառով վեճի ժամանակ հրազենի օգնությամբ սպանել է 17-ամյա անզեն սևամորթ դեռահաս Ջորդան Դևիսին, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամ ազատվելու իրավունքի:
Նման որոշում է կայացրել Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլլ քաղաքի դատարանը: Միջադեպը գրանցվել էր 2012 թվականի նոյեմբերին, Ջեքսոնվիլիի ավտոլցակայաններից մեկում: Հետաքննության տվյալներով՝ Դաննին դուր չի եկել ամենագնացից եկող բարձր երաժշտության ձայնը, որում գտնվել է դեռահասը, ինչից հետո նրանց միջև լեզվակռիվ է սկսվել:
Դրա ժամանակ Դաննը 10 անգամ կրակել է դեռահասի ավտոմեքենայի վրա: Դաննը, ով մասնագիտությամբ ծրագրավորող է, դատարանում վստահեցրել է, որ գործել է ինքնապաշտպանական նկատառումներով՝ վախենալով, որ դեռահասները կկրակեն իր վրա: Սակայն ոստիկանությունը որևէ զենք չի հայտնաբերել դեռահասի ավտոմեքենայում:
Հետաքննությունն ընդգծել է, որ միջադեպից հետո Դաննը ոստիկանություն չի կանչել, վերադարձել է հյուրանոց, պիցցա է պատվիրել, շան հետ զբոսնել է և գնացել է քնելու:
Ֆլորիդայի օրենքներով՝ միտումնավոր սպանությունը պատժվում է ցմահ ազատազրկմամբ կամ մահապատիժով: Դատախազը Դաննի համար չի պահանջել առավելագույն պատիժ: