Վարդան Այվազյանը` ՀՀ փոխվարչապե՞տ

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Նրա անունն իշխանական կուլիսներում առավել հաճախ է շրջանառվում:

Այս լուրը փորձեցինք ճշտել անձամբ Վ. Այվազյանից, սակայն երեկ նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո կառավարության նոր անդամի թեկնածուների շարքում նշվում են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ՀՀ Բնապահպանության նախկին նախարար, այժմ՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունները: Մյուս հնարավոր թեկնածուներ համարվող` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքել են իրենց նշանակման հավանականությունը:

Չի բացառվում նաև, որ այդ պաշտոնը տան ՀՅԴ-ին` որպես ոչ պաշտոնական կոալիցիոն գործընկերոջ: Դաշնակցության թեկնածուն ՀՀ նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանն է: Ի դեպ, լուրեր են շրջանառվում նաև փոխվարչապետի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոններն առանձնացնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս