Սպասելո՞ւ է արդյոք եռյակը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականին

«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ մինչև մենք չունենաք մեխանիզմներ, որոնք կապահովեն մեր վստահությունը մեր ընտրական համակարգի նկատմամբ, մինչև նորմալ և ճիշտ գործընթաց չլինի, որտեղ ոչ միայն Հանրապետականների կողմից գիտնականները լինեին, այլ լիներ նաև ավելի ընդհանուր, ընդգրկուն գիտնականների մի խումբ, մինչև չանցնեն հանրային քննարկումների մի փուլ և այլն, և այլն, ի՞նչ տարբերութուն՝ 2015, 2014, թե՞ 2016 թվականին են որևէ խնդիր դնելու»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա է՞լ որոշ քաղաքական գործիչների նման կարծում է, թե այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու է 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին, մեկ քայլ զիջում է նախագահի կողմից:

Թ. Պողոսյանը կարծում է՝ այն քաղաքական կուսակցությունը, որն իր նախընտրական ծրագրերում չի ունեցել մի գաղափար, որը կոչվում է սահմանադրական բարեփոխումներ, ու դրանով չի ընտրվել, ժողովուրդը նրան այդ գործընթացի համար իր քվեն չի տվել, պետք չի զբաղվի դրանով.

«Եթե իրենք համարում են, որ իրենք հաղթել են ընտրությունները, հաղթել են համաձայն իրենց նախընտրական ծրագրի, իրենց նախընտրական ծրագրերում հազար ու մի բան են գրել, թե ինչ պետք է կատարեն: Ճիշտ կլինի՝ այդ ծրագրերը կյանքի կոչեն»:

Հիշեցնենք, որ եռյակի պահանջներից մեկը վերաբերվում է հենց սահմանադրական բարեփոխումներին, իսկ հաջորդ հանրահավաքը լինելու է հոկտեմբերի 24-ին:

Մեր հարցին՝ սպասելո՞ւ են իրենք՝ մինչև նախագահի գնահատականը լինի սահամանադրական բարեփոխումների վերաբերյալ, թե՞ շարունակելու են պայքարը, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ պայքարը պետք է շարունակվի. «Դա ընդամենը եռյակի հարցերից մեկն է, ու միայն նրա համար, որ մեկն ասում է՝ ոչ թե այսօր, այլ վաղը, չի նշանակում, որ օրակարգից հանել է այդ խնդիրը: Այնպես որ, պայքարը պետք է շարունակվի»:

Տեսանյութեր

Լրահոս