
Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի Էներգետիկ անվտանգության կենտրոնի գործընկեր

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի Էներգետիկ անվտանգության կենտրոնի գործընկեր: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունը: Փաստաթուղթը նախօրեին ստորագրվել է Լիտվայում:
Դրա վրա իրենց ստորագրությունը դրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը, ինչպես նաև կենտրոնի տնօրեն, գնդապետ Գինտարաս Բագդոնասը:
Դրանով իսկ Վրաստանը դարձել է առաջին գործընկերային երկիրը, ով չհանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, միացել է Էներգետիկ անվտանգության կենտրոնին: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի կողմից կենտրոնի ծրագրերին մասնակցելու է «Դելտա» պետական ռազմական-գիտատեխնիկական կենտրոնը, որն իր մշտական ներկայացուցիչն է ունենալու Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի Էներգետիկ անվտանգության կենտրոնում: