
Զիյաֆեթ Ասկերովը պարզաբանել է, թե Ադրբեջանն ինչու չի անդամակցում Մաքսային միությանը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասկերովը.
«Մենք մշտապես հատուկ նշանակություն ենք տվել երկկողմ հարաբերություններին: Ադրբեջանը լավ հարաբերությունների մեջ է նաև ԵՄ-ի ու Եվրախորհրդարանի հետ: Մենք տարբերություն չենք դնում ու չենք փորձում որևէ մեկի հետ հաստատել ավելի սերտ հարաբերություններ:
Ադրբեջանը գտնվում է զարգացման այն փուլում, երբ աճել է մեր երկրի հանդեպ մյուս երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետաքրքրությունը: Անկասկած է, որ մենք արտաքին քաղաքականությունը կառուցելիս առաջնորդվում ենք ազգային շահերով»:
Անդրադառնալով Մաքսային միությանն Ադրբեջանի չանդամակցելու պատճառներին՝ Ասկերովը հայտարարել է, որ Ադրբեջանը նախապատվությունը տալիս է երկկողմ հարաբերություններին. «Մենք չենք կարող որևէ միության անդամ դառնալ Ղարաբաղի պատճառով:
Այս հարցում սակարկելն անհնար է: Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջաններն ադրբեջանական տարածքներ են: Մենք որևէ միության մեջ մտնելու համար ոչ մեկի առջև պայման չենք դրել, որ հետո Ղարաբաղը հանձնեն մեզ»: