«…Եվ Պուտինը կասեր` իհարկե, մենք ձեր թշնամին չենք». Հովհաննես Իգիթյան

«Սերժ Սարգսյանը 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է Պուտինի զանգով»,- այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` պատասխանելով հարցին` Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցումը կարելի՞ է քաղաքական շանտաժ համարել:

«Հայաստանը չորս տարի բանակցություններ էր տանում Եվրամիության հետ և որևէ բանակցություն չէր տանում Մաքսային միության հետ: Ավելին՝ բոլոր մակարդակներով, այդ թվում` վարչապետ, նախագահ, նախարար, Շավարշ Քոչարյան, ասում էին, որ մենք չենք կարող մտնել մի տեղ, որտեղ մեզ ձեռնտու չէ, ընդհանուր սահման չկա և այլն: Սերժ Սարգսյանն առանց պլանավորելու, Պուտինի զանգով գնում է Ռուսաստան և Պուտինի հետ 20 րոպեանոց հանդիպումից հետո այնտեղ հայտարարում է, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը: Հիմա դուք արդեն ասեք»,- նշեց Իգիթյանը, ում կարծիքով` եթե Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ներկայացներ իրավիճակը Ռուսաստանին, այդ պարտադրանքը չէր լինի:

«Եթե Հայաստանը մի քիչ ուժեղ կամ հպարտ լիներ, կգնար և կասեր` Եվրասիական միություն, իհարկե ես ուզում եմ ձեզ հետ մնալ, պարոն Պուտին, ես կստորագրեմ ցանկացած փաստաթուղթ, որն ուզում եք, բայց, գիտեք, ես ուզում եմ նաև հարգել, օրինակ, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ու Իրանի և այլ երկրների հետ պարտավորությունները, որոնք կնքել եմ 15 տարի առաջ և բազմաթիվ կառավարական ակտեր ունեմ, որոնք իրականացնում են ազատ առևտուրը: Եվ Պուտինը կասեր` իհարկե, մենք ձեր թշնամին չենք, մենք դաշնակից երկիր ենք, խնդրեմ` ձեր առևտուրը մեզ վնաս չէ: Այսպես կասեր Պուտինը, եթե իրեն այսպես ներկայացնեին»,- ասաց նա:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահն այս հարցը համեմատեց 1990-ականների հետ, երբ Հայաստանը ցանկանում էր միանալ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և այն ժամանակ էլ Ռուսաստանը խանդով էր նայում այդ ամենին, որովհետև Հայաստանն ազատ առևտրի համաձայնագիր ուներ ԱՊՀ-ի շրջանակներում: Սակայն Հայաստանի իշխանությունները կարողացել են Ռուսաստանին ներկայացնել, որ այդ քայլը քաղաքական չէ և ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից Հայաստանի օգուտներին և վնասներին, փորձագետը հայտարարեց, որ մինչ օրս չի հանդիպել որևէ լուրջ տնտեսագետի, ով կներկայացնի Հայաստանի շահը ԵՏՄ-ում:

Իգիթյանի համար նաև պարզ չէ, թե, օրինակ, այդ անդամակցությամբ հաղթահարվեցի՞ն անվտանգության խնդիրները, որոնց մասին խոսում էին իշխանությունները, կամ էլ Հայաստան-ԼՂՀ մաքսակետի հարցը:

Ըստ փորձագետի` ԵՏՄ-ին Հայաստանի միանալու կողմնակիցները լավագույն դեպքում խոսում են դեպի եվրասիական շուկա ինչ-որ միրգ, օրինակ` խնձոր, ավելի մեծ ծավալներով արտահանելու հեռանկարների մասին, սակայն մակրոտնտեսական շահերն այդ ձևով ներկայացնելն, իհարկե, լուրջ չէ:

Իգիթյանի կանխատեսումներով` ԵՏՄ-ին միանալուց հետո լինելու է գնաճ, քանի որ Հայաստանը, նախ, ԵՏՄ-ի պայմանագրով խախտում է իր միջազգային բոլոր պայմանավորվածությունները` երկկողմանի, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ և այլն: Երկրորդը, գնաճ կլինի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արմտյան պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց ազդեցության հետևանքով:

Անդրադառնալով այն ենթադրություններին, թե շուտով կարող է վերագործարկվել աբխազական երկաթուղին, ինչը կակտիվացնի առևտուրը Հայաստանի և ԵՏՄ անդամների միջև, Իգիթյանը շեշտեց, որ չի տեսնում նման հեռանկար: Ըստ նրա` քանի որ ԵՏՄ-ի ամբողջ գործընթացը քաղաքական է, շատ հայտարարություններ են հնչում` հատկապես ռուսական փորձագետների կողմից, ովքեր ընդհանրապես չեն պատկերացնում Հայաստանի տնտեսությունը, բայց  ակնարկում են, որ Հայաստանի երկաթգիծը կոնցեսիայով պատկանում է Ռուսաստանին, և այնտեղից փորձում են ինչ-որ քաղաքականություն իրականացնել Վրաստանի նկատմամբ. «Պարզ է, որ առանց Վրաստանի այդ հարցը չի լուծվելու: Վրաստանն այդ ուղղությամբ քայլեր չի անում և չի էլ անելու: Եթե Ռուսաստանը մտածում է, որ ռազմական ձևով է ստիպելու, վերևից իջնելով է բացելու երկաթգիծը, ապա 20-րդ դարը չէ և 1944 թիվը չէ, որ տանկերով երկաթգիծ բացվի»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել էր, որ անդամակցումից հետո ՀայաստանըկստանաԵՏՄտարածքներկրվողապրանքներիհամարգանձվողմաքսատուրքերիգումարի 1,13 տոկոսը, ինչը, Հովհաննես Իգիթյանի հավաստմամբ, այնքան էլ մեծ գումար չէ. «Տարբեր հաշվարկներով` դա կարող է լինել 20 միլիոնից մինչև 40 միլիոն դոլար»: Ավելին, փորձագետն ընդգծում է, որ բյուջեի ավելացումը հարկային մուտքերի միջոցով ուղղակիորեն չի ազդում տնտեսության զարգացման վրա:

Ինչ վերաբերում է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հեռանկարին, Հովհաննես Իգիթյանի տվյալներով` Հայաստանի իշխանություններն այսօր որևէ բանակցություն չեն տանում այդ ուղղությամբ:

Նրա խոսքով` ԵՄ-ն միշտ դռները բաց է պահում երկխոսության համար, պարզապես Հայաստանն ինքը պետք է ասի, թե ինչպես է պատկերացնում ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը: Այստեղ կա նաև երկրորդ հարցը, որ ԵՏՄ-ին միանալուց հետո ԵՄ-ի հետ բանակցությունները վարելու է ոչ թե Հայաստանի կառավարությունը, այլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Եվ պատահական չէ, որ ԵՏՄ հիմնադիրներից մեկը` Ղազախստանը, ԵՏՄ-ի պայմանագիրը վավերացնելուց մեկ օր առաջ հասցրեց ստորագրել ԵՄ-ի հետ համագործակցության մասին համաձայնագրերը:

«Պատկերացրեք` Հայաստանն ուզում է ազատ առևտուր հաստատել ԵՄ-ի հետ, բայց մենք արդեն ԵՏՄ-ի անդամ ենք: Դա նշանակում է, որ մենք չենք կարող զրոյական տուրք դնել այն ապրանքների նկատմամբ, որոնք գնում են Եվրոպա կամ Եվրոպայից գալիս են Հայաստան, որովհետև մենք արդեն պարտավորություններ ունենք ԵՏՄ-ի առջև»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Տեսանյութեր

Լրահոս