
«Իսլամական պետության» զինյալներն իրականացրել են իրենց առաջին մարտական թռիչքները

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն առաջին թռիչքներն են իրականացրել ավար ընկած ինքնաթիռներով: Հեռուստաալիքի տվյալներով՝ ծայրահեղականների տրամադրության տակ է հայտնվել մարտական երեք ինքնաթիռ:
Ենթադրվում է, որ ծայրահեղականների տրամադրության տակ են հայտնվել «ՄիԳ-21» և «ՄիԳ-23» մոդելի կործանիչներ: Թռիչքներն իրականացվել են Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ քաղաքի մոտ: Զինյալներն ինքնաթիռներն օդ են բարձրացրել քաղաքի արևելյան ծայրամասում գտնվող Ջիրահ օդանավակայանից:
Այդ ռազմական օբյեկտը համարվում է արաբական երկրում «Իսլամական պետության» խոշորագույն բազաներից մեկը: Իրաքից Սիրիա ժամանած խմբավորման անդամները զինյալներին սովորեցնում են թռչելու կանոնները: Կա նաև տեղեկատվություն այն մասին, որ ահաբեկիչներին թռչել սովորեցնում են Իրաքի ռազմաօդային ուժերի դասալիքները:
Ներկայումս զինյալների վերահսկողության տակ են գտնվում Հալեպի ու Ռաքքահի նահանգների մի շարք ավիաբազաներ, որոնց առանց մարտի հանձնել են սիրիացի ուժայինները: