Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի մի մասին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ օրենքի հիմնական նպատակը տվյալ տարածքներում իրավիճակի շուտափույթ կարգավորման, կարգուկանոնի, քաղաքացիների ազատությունների ու սահմանադրական իրավունքների վերականգնման, հարկադիր վերաբնակների վերադառնալու, բնակավայրերում կենսագործունեության վերականգնման համար պայմաններ ստեղծելն է:
Նշված տարածքներում հատուկ կարգը մտցվում է ժամանակավորապես՝ ուժի մեջ մտնելուց հետո երեք տարով: Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են 2014 թվականի դեկտեմբերի 7-ին: