Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլար. Բան Կի Մուն
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի (www.un.org) փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ մտահոգություն է հայտնել Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի կտրուկ տարածման կապակցությամբ և միջազգային հանրությանը կոչ է արել վտանգավոր այդ հիվանդության դեմ պայքարի համար հատկացնել 1 միլիարդ դոլար:
Բան Կի Մունը երեկ Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Էբոլան վիթխարի անհետաձգելի գլոբալ խնդիր է, որը պահանջում է մասշտաբային ու շուտափույթ պատասխան միջոցներ: Մունն ընդգծել է, որ տասնյակ երկրներ իրենց համերաշխությունն են հայտնել այն երկրներին, ուր մոլեգնում է Էբոլա վիրուսը, սակայն ձեռնարկված միջոցները բավարար չեն:
Բան Կի Մունի խոսքերով՝ ՄԱԿ-ը գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միջազգային հանրությանը մոբիլիզացնելու համար վտանգավոր այդ հիվանդության դեմ պայքարում: Դրա հետ կապված՝ նա հիշատակել է Էբոլային արտակարգ արձագանքելու առաքելության ստեղծումն ու Էբոլայի դեմ գլոբալ կոալիցիայի ձևավորումը: