Աբաշիձեն հայտարարել է, որ երեկ Կարասինի հետ ունեցել է իր ամենածանր հանդիպումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն երեկ Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ ունեցած հանդիպումը որակել է որպես այդ հանդիպումների ողջ պատմության ընթացքում ամենասուր ու ամենածանր հանդիպում:

Հանդիպումից առաջ Աբաշիձեն հայտարարել էր, որ Կարասինի հետ քննարկելու է Աբխազիայի հետ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին Ռուսաստանի մտադրությունը: Հանդիպումից հետո Աբաշիձեն հայտարարել է, որ իրենք քննարկել են ռուսական այդ նախագիծը և չեն եկել համաձայնության:

Բացի այդ, սովորաբար հանդիպումից հետո Աբաշիձեն ու Կարասինը հայտարարում էին, թե երբ են հանդիպելու հաջորդ անգամ: Այս անգամ չի հայտարարվել դրա մասին: Աբաշիձեի խոսքերով՝ իրենց բանակցությունների շարունակման կամ չեղյալ հայտարարման հարցը կքննարկվի Վրաստանում:

Աբաշիձեի ու Կարասինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում: Դրանից հետո նրանց հանդիպումները շարունակվել են Պրահայում: Կողմերը պայմանավորվել էին սովորաբար նման հանդիպումներ անցկացնել 2-3 ամիսը մեկ անգամ:

Տեսանյութեր

Լրահոս