Բաժիններ՝

Թուրքիան չի կարողացել ընտրվել ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ ՄԱԿ ԳԱ-ում անցկացվել են ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամների ընտրությունները: Խոսքը գնում է 2015-2016 թվականներին ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամներ դառնալու մասին, որոնք փոխարինելու են Արգենտինային, Ռուանդային, Հարավային Կորեային, Ավստրալիային ու Լյուքսեմբուրգին:

Արևմտյան Եվրոպայի ու այլ երկրների խմբից պայքարում էին Իսպանիան, Թուրքիան ու Նոր Զելանդիան: Այս խմբից ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ են ընտրվել Նոր Զելանդիան ու Իսպանիան՝ ստանալով համապատասխանաբար 145 ու 132 քվե: Թուրքիան ստացել է 60 քվե:

Աֆրիկյան երկրների խմբի 190 քվեով ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ է դարձել Անգոլան, Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների խմբից 181 քվեով ընտրվել է Վենեսուելան, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների խմբից ընտրվել է Մալայզիան՝ 187 քվե:

Առաջին փուլում Իսպանիան հավաքել է 121 քվե, իսկ Թուրքիան՝ 109 քվե: Երկրորդ փուլում Իսպանիան ստացել է 120, իսկ Թուրքիան 73 քվե և վերջապես երրորդ փուլում Իսպանիային օգտին քվեարկել է 132 երկիր, իսկ Թուրքիայի օգտին՝ 60 երկիր: ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ կառույցի անդամ երկրների ողջ քվեների 2/3-ը (129 քվե):

Թուրքիան ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ է հանդիսացել 1951-1952, 1954-1955, 2009-2010 թվականներին, իսկ 1961 թվականին երկամյա ժամկետը կիսել է Լեհաստանի հետ՝ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ հանդիսանալով միայն մեկ տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս