
Ուկրաինայում ուժի մեջ է մտել լյուստրացիայի մասին օրենքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայում ուժի մեջ է մտել լյուստրացիայի («Իշխանության մաքրման մասին») մասին օրենքը: Տվյալ փաստաթուղթը երեկ հրապարակվել է «Ուկրաինայի ձայն» թերթում, իսկ սահմանված կարգով՝ օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց մեկ օր անց:
Օրենքը հստակեցնում է իրավական ու կազմակերպչական հիմքերը՝ ստուգման ենթարկելու համար պետծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին:
Օրենքի նպատակն իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնումն է և եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ իշխանական մարմինների նոր համակարգ կառուցելու համար պայմանների ստեղծումը:
Սրանից առաջ Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել է, որ տվյալ օրենքը նախատեսում է նորմա, որի համաձայն՝ Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք, պետք է զբաղեցրած պաշտոններից հեռացվեն այս օրենքի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում: