
«Հայ որբերի գորգը» նոյեմբերին կցուցադրվի Սպիտակ տանը

Նոյեմբերին «Հայ որբերի գորգը» ցուցադրության կներկայացվի Սպիտակ տան այցելուների կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
««Հայ որբերի գորգը», որը հայտնի է նաեւ որպես «Ղազիրի գորգ», մարմնավորում է հայ ժողովրդի տոկունությունը եւ հիշեցնում է այն 1,5 միլիոն հայերի մասին, ովքեր նահատակվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ:
Այն նաեւ ամերիկացիներին հիշեցնում է, որ մեր կառավարությունը կարեւոր դեր է ունեցել՝ հայ ժողովրդի ողբերգության վրա ուշադրություն հրավիրելու եւ վերապրածներին օգնություն տրամադրելու գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սպիտակ տանը՝ մեզ հետ աշխատելու համար: Անհամբերությամբ սպասում ենք գորգի ցուցադրությանը»,-գրել է կոնգրեսականը:
Գորգը, որը գործել են Ղազիրի որբանոցի հայ աղջիկները, նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական աջակցության: