
Էբոլա վիրուսն Արևմտյան Աֆրիկայում իր գագաթնակետին կհասնի դեկտեմբերին. ԱՀԿ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսն Արևմտյան Աֆրիկայում իր գագաթնակետին կհասնի ընթացիկ տարվա դեկտեմբերին, երբ շաբաթական կգրանցվի վարակման 5000-10.000 դեպք: Նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը կարծում է, որ Էբոլա վիրուսի վարակման դեպքերի պաշտոնական վիճակագրությունը կարող է տարբերվել իրական տվյալներից: Նա հավելել է, որ պաշտոնական տվյալներով՝ Էբոլա վիրուսով վարակվել է 8914 մարդ և վիրուսից մահացել է 4447 մարդ:
Էյլվարդն ուշադրություն է հրավիրել, որ մահաբեր ելքով է ավարտվել Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերի մոտ 50 տոկոսը, սակայն իրականում մահացածների թիվը կարող է կրկնակի մեծ լինել: Էյլվարդը հավելել է, որ մի շարք երկրներում Էբոլա վիրուսով վարակվելուց հետո ողջ մնալու դեպքերի թիվը կազմում է 30 տոկոս: