
Անհրաժեշտ է միմյանցից տարանջատել PKK-ի ու «Իսլամական պետության» հարցերը. Ջեն Փսակին՝ թուրքական կողմին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ կապված թուրքական օդուժի կողմից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) օբյեկտներին հարվածելու հետ:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից PKK-ի դեմ ձեռնարկած ռազմական գործողությունը կապ չունի Քոբանիի դեպքերի հետ: Փսակին ընդգծել է, որ անհրաժեշտ է միմյանց տարանջատել այդ հարցերը, և առանձին-առանձին դիտարկել PKK-ի ու «Իսլամական պետության» հարցերը:
Փսակին հիշեցրել է, որ Թուրքիան ու PKK-ն վաղեմի հաշիվներ ունեն միմյանց հետ և ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ թուրքական օդուժն իր հարվածը հասցրել է Քոբանիից 160 կիլոմետր հեռավորության վրա:
Թուրքական կողմը շարունակում է հավասարության նշան դնել PKK-ի ու «Իսլամական պետության» միջև՝ հայտարարելով, որ իր համար նրանք երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություններ են: