
Գալուստ Սահակյանը հետապնդում է Զարուհի Փոստանջյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարցով դիմել է Վարչական դատարան՝ նրան մեղադրելով պաշտոնական դիրքը չարաշահելու և իր անձի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ինքը դեռևս մեկ ամիս առաջ ԱԺ է ներկայացրել Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին հայտարարության նախագիծ, որը Գալուստ Սահակյանը պարտավոր էր դնել շրջանառության մեջ և ընդգրկել ԱԺ օրակարգ:
Սակայն Գալուստ Սահակյանը չի կատարել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը և Զուրուհի Փոստանջյանը դիմել է Վարչական դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի ԱԺ նախագահին կատարել օրենքի սույն պահանջը:
Բացի դա՝ Գալուստ Սահակյանը արգելել է Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական ժամ» ծրագրով եթեր հեռարձակել Զարուհի Փոստանջյանի 3 րոպեանոց հայտարարությունը, որը Զարուհի Փոստանջյանը ևս համարում է օրենքի խախտում և իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում: Այս հարցով Զարուհի Փոստանջյանը խոստացավ դատարան դիմել առաջիկայում: