
Ալասանիան խոստացել է, որ ռուսական զորքերը մոտ ապագայում կլքեն Սուխումն ու Ցխինվալը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները մոտ ապագայում միջազգային հանրության օգնությամբ կհասնեն Աբխազիայից ու Ցխինվալի շրջանից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացի մեկնարկին:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան. «Չճանաչված երկրի խորհրդարանի կողմից ընդունված ոչ մի ակտ էլ չի ունենա միջազգային-իրավական որևէ արժեք:
Աբխազիան, ինչպես և Ցխինվալի շրջանը, հանդիսանում են Վրաստանի անքակտելի մասը: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում միջազգային հանրության ճնշման միջոցով մենք կսկսենք ապաօկուպացման գործընթացը»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ռուսաստանն ու Աբխազիան կարող են ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում: