Աբաշիձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել Պրահա մեկնելուց
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի՝ արտաքին կապերի գծով հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն շտապել է՝ խորհուրդ տալով չմեկնել Պրահա՝ հանդիպելու համար Ռուսաստանի փոխարտգործնախարարին:
Զուրաբ Աբաշիձեն երեկ հանդիպել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ինչից հետո հայտարարել է. «Եթե նա (Ջափարիձեն) զանգահարեր ինձ, ես նրան կհայտնեի, թե ինչու եմ գնում Պրահա և ինչ հարցեր եմ քննարկելու այնտեղ: Սակայն ինչպես երևում է, նա չի կարողացել ժամանակին արգելակել»:
Ռուսաստանի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Պրահայում տեղի է ունենալու հոկտեմբերի 15-16-ին: