
Վրաստանի խորհրդարանում կասկածի տակ են դրել Աբաշիձե-Կարասին հանդիպման նպատակահարմարությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի՝ արտաքին կապերի գծով հանձնաժողովի ղեկավար, իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Թեդո Ջափարիձեն կասկածի տակ է դրել Վրաստանի ու Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպման նպատակահարմարությունը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ տեղեկատվություն տարածվեց, որ Մոսկվան ու Սուխումը պատրաստվում են ստորագրել համագործակցության մասին նոր փաստաթուղթ:
Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանում պատրաստված ինտեգրման ու դաշնակցության մասին պայմանագիրը, որը նախատեսում է համատեղ բանակի ստեղծում:
Պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված է Ռուսաստանի ու Աբխազիայի զինված ուժերի միացյալ խմբավորման կողմից ագրեսիան (զինված հարձակումը) հետ մղում: Դրա հետ կապված՝ Ջափարիձեն երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է.
«Երբ մի կողմը, առանց դեմոկրատական որևէ նորմ պահպանելու, հրապարակում է անհասկանալի բովանդակությամբ փաստաթուղթ և փորձում է արդեն բաց շեշտադրում անել բռնակցման վրա, ապա անհրաժեշտ է մտածել, թե արդյոք անհրաժե՞շտ են բանակցությունները:
Եթե ես լինեի Աբաշիձեի փոխարեն, ապա չէի գնա բանակցություններին, և այս փուլը տեղի չէր ունենա»: Աբաշիձեի ու Կարասինի հերթական հանդիպումը Պրահայում անցկացվելու է հոկտեմբերի 15-16-ին: