Հայաստան-Ֆրանսիա՝ 0:3. sport.times.am
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը, հաղորդում է sport.times.am-ը:
Մեր ընտրանին առաջին խաղակեսից հետո պարտվում էր նվազագույն հաշվով։ Ֆրանսիացիների միակ գնդակը 7-րդ րոպեին խփել էր «Չելսիում» հանդես եկող հարձակվող Լոիկ Ռեմին։
Առաջին կեսում գրեթե հավասար պայքար էր, հաջողության հասնելու լավ պահեր ունեցան և´ ֆրանսիացիները, և´ մեր ֆուտբոլիստները, սակայն նոր գոլ չգրանցվեց։
Մի քանի անգամ հրաշալի խաղաց Ռոման Բերեզովսկին, մեկ անգամ էլ գնդակը ետ մղվեց մեր ընտրանու դարպասի ուղղահայաց դարպասաձողից։
Հաջողության հասնելու լավ պահեր ունեին նաև Սարկիսովն ու Մարկոսը, սակայն գրոհների եզրափակիչ փուլում ինչ-որ բան չէր ստացվում։
Երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկավ Պոլ Պոգբան՝ փոխարինելով Բլեզ Մաթյուիդիին։
50-րդ րոպեին մեր թիմը տուգանային հարվածի իրավունք ստացավ, սակայն Լևոն Հայրապետյանի հարվածը բարձր ստացվեց։
Չորս րոպե անց Պոգբան ստիպեց մեր տուգանային հրապարակոմ խախտել խաղի կանոններն իր նկատմամբ և 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որն անվրեպ իրացրեց Մարսելի «Օլիմպիկի» հարձակվող Անդրե-Պյեռ Ժինյակը։
Քիչ անց խաղադաշտը լքեց Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին։ Նրան փոխարինեց Գևորգ Կասպաովը։
84-րդ րոպեին փոխարինման մտած Անտուան Գրիզմանը, ով հանդես է գալիս, «Ատլետիկոյում», հաշիվը դարձրեց 3:0:
Հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ դաշտ դուրս եկավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման՝ փոխարինելով Ժինյակին։
Հաշվի մեջ նոր փոփոխություն չեղավ, և Ֆրանսիան հաղթեց 3:0 հաշվով։