Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ծառայությունների և ստորաբաժանումների ղեկավարներին

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Քննարկվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստի սկզբում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների ընթացքին և ընդգծեց այն պատասխանատվությունը, որ կրում են ստորաբաժանումների ղեկավարները իրենց ոլորտում փոփոխությունների հերթական փուլն ավարտին հասցնելու և արդյունքներն ամրագրելու համար:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետու շրջանում իրականացրած աշխատանքը՝ նշելով օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում ծագող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:

Վլադիմիր Գասպարյանն առանձնացրեց մի շարք հիմնախնդիրներ՝ նիստի մասնակիցների ուշադրությունը, մասնավորապես, հրավիրելով կրտսեր կազմի գործնական պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության վրա, նկատի ունենալով, որ հենց այդ անձնակազմն է անմիջականորեն շփվում քաղաքացիների հետ:

Ընդգծվեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում բնակչության հետ համագործակցությունը խորացնելու, հանցագործությունների կանխարգելման ոլորտում պետական պահպանության, համայնքային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների համատեղ աշխատանքը նոր մակարդակի բարձրացնելու և մի շարք այլ ոլորտներում որակական տեղաշարժերի հրատապ անհրաժեշտությունը:

Հաշվետու շրջանում կատարված աշխատանքի վերլուծությամբ հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների, պարեկապահակային ծառայության, ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների գործունեությունը ինչպես բարեփոխումների, այնպես էլ բուն ծառայողական պարտականությունների կատարման ուղղությամբ՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես արտաքին ծառայողների աշխատանքի արմատական բարելավման խնդիրը՝ իր պահանջը մասնավորելով Ճանապարհային ոստիկանության օրինակով:

Կոլեգիայի նիստում նշվեցին այն միջոցառումները, որոնք ուղղված են Ճանապարհային ոստիկանության կառուցվածքային, բարոյահոգեբանական, գործառնական վերափոխություններին, ինչպես և տեխնիկական նորագույն միջոցների ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցման ծրագրի իրագործմանը, ինչը թույլ կտա ունենալ արդիական ճանապարհային ոստիկանություն, որը հանրային պահանջ է և ոստիկանության ղեկավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ծառայությունների և ստորաբաժանումների ղեկավարներին՝ նշելով դրանց իրականացման կոնկրետ շրջանակներն ու ժամկետները:

 

Տեսանյութեր

Լրահոս