«Որևէ դեպք չգիտեմ, որ Անվտանգության խորհրդի անդամը՝մնալով Անվտանգության խորհրդի անդամ, դառնա արմատական ընդդիմություն»
«Ոչինչ չեմ կարող ասել հանրահավաքից, ինչպես գրել եմ իմ ֆեյսբուքյան էջում՝ գնացի, լսեցի, եկա տուն», – 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած քառյակի հանրահավաքի մասին:
Նա նշեց, ոչ որևէ ակնկալիք չունի նաև առաջիկա՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքից:
Հարցին, թե առաջիկա հանրահավաքն էլ բազմամարդ կլինի՞, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Եթե իրենք դեռ ոչինչ չգիտեն, մենք ի՞նչ իմանանք՝ ինչ ասենք: Ես այդքան նայել եմ ու որևէ դեպք չգիտեմ, որ Անվտանգության խորհրդի անդամը՝ մնալով Անվտանգության խորհրդի անդամ, դառնա արմատական ընդդիմություն (խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է:- Ա. Ք.): Նման բան չգիտեմ: Օրինակ, չգիտեմ նաև, որ արմատական ընդդիմությունը հանրահավաք անի, ու ճանապարհները չփակեն, իրազեկման ժամանակ մարդ չծեծեն: Եթե դուք գիտեք, ուրեմն՝ ես սխալվում եմ»: