«Թուրքիա-Աֆրիկա» համագործակցության երկրորդ գագաթաժողովը կանցկացվի նոյեմբերի երկրորդ կեսին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 1998 թվականին Թուրքիայի հռչակած աֆրիկյան նախաձեռնությունների շրջանակներում 2008 թվականին Թուրքիան հայտարարվեց Աֆրիկյան Միության ռազմավարական գործընկեր:
Նույն 2008 թվականին Ստամբուլում կազմակերպվեց «Թուրքիա-Աֆրիկա» համագործակցության առաջին գագաթաժողովը, որի ժամանակ քննարկվեց աֆրիկյան երկրների հետ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացումը:
Երկրորդ գագաթաժողովը պետք է անցկացվեր աֆրիկյան որևէ երկրում, սակայն այն տեղի չունեցավ հյուրընկալման հարցում Հասարակածային Գվինեայի ու Եթովպիայի միջև տարաձայնությունների պատճառով: Թուրքիայի նախաձեռնությամբ այժմ որոշվել է այդ գագաթաժողովն անցկացնել Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում, նոյեմբերի 19-21-ին:
Դրանում քննարկվելու են 2014-2018 թվականներին Թուրքիայի ու Աֆրիկայի երկրների միջև համագործակցության պլանը: Եթե 2003 թվականին Թուրքիան Աֆրիկայում ուներ 7 դեսպանատուն, ապա 2013 թվականին դրանց թիվը հասցվել է 30-ի: