Ռուսաստանն ու Չինաստանը ստեղծում են Եվրասիական ճեպընթաց տրանսպորտային միջանցք
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցելու են ճեպընթաց երկաթուղային հաղորդակցության զարգացման ոլորտում:
Համապատասխան հուշագիրը ստորագրել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, Չինաստանի՝ զարգացման ու բարեփոխումների հարցերով Պետական կոմիտեն ու «Չինական երկաթուղիներ» կորպորացիան:
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը մշակելու են Մոսկվայից Պեկին Եվրասիական ճեպընթաց տրանսպորտային միջանցքի նախագիծ: Հուշագիրը նախատեսում է համագործակցել նախագծման, շինարարական, սպասարկման, սարքավորումների մատակարարման, ներդրումների ու նախագծի ֆինանսավորման ոլորտներում:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ 2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կհասնի 100 միլիարդ դոլարի: Մեդվեդևի խոսքերով՝ կողմերը պլանավորել են մինչև 2020 թվականը երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 200 միլիարդ դոլարի: