Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը:

Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շարունակականությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարևան երկրի հետ նախապայմաններով խոսելը և Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Նա նկատել է, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան գնում է պատմությունը կեղծելու ճանապարհով:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի խորհրդարանին 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ նման ոճրագործություններն ընդունելու և դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունը հետագայում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Բունդեսթագի նախագահն իր հերթին անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական լուծումը:

Տեսանյութեր

Լրահոս