
Աբաշիձեն ու Կարասինը կարող են քննարկել Վրաստանի ու ՌԴ-ի միջև նոր ճանապարհի կառուցման հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի առաջիկա հանդիպման ժամանակ կարող է քննարկվել նոր ճանապարհի կառուցման հարցը, որը Վրաստանի արևելքը (մասնավորապես Կախեթիի շրջանը) կկապի Դաղստանի հետ:
Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն. «Ճանապարհի կառուցման մասին պլանների տեղեկությունը մեզ մոտ հայտնվել է ԶԼՄ-ներից, և Ռուսաստանը նման առաջարկ չի արել մեզ: Սակայն չի բացառվում, որ տվյալ թեման կարող է քննարկվել Աբաշիձեի ու Կարասինի հանդիպման ժամանակ:
Դա կլինի առաջին հանդիպումն այն բանից հետո, ինչ ուժի մեջ է մտել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Մենք դեռ որևէ խնդիր չենք ունեցել Ռուսաստանի հետ՝ կապաված առևտրային ու տնտեսական հարաբերությունների հետ»:
Աբաշիձեի ու Կարասինի հանդիպումը Պրահայում տեղի է ունենալու հոկտեմբերի 15-16-ին: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե այդ հանդիպման ժամանակ կարող են քննարկվել Վերին Լարսի անցակետի և Աբխազական երկաթուղու վերաբացման հարցերը: