Վրաստանում չի լինի ՆԱՏՕ-ի բազա ու ուսումնական կենտրոն. Լահյու
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ նշելով, որ Վրաստանում ստեղծվելու է ոչ թե ՆԱՏՕ-ի ուսումնական բազա, այլ՝ վրացական կենտրոն.
«Հարցը, որը քննարկվում է, վերաբերվում է գործընկերների ուսումնական կենտրոնին: ՆԱՏՕ-ն Վրաստանի ՊՆ-ին օգնելու է տվյալ կենտրոնի կառուցման մեջ: Այն պատկանում է Վրաստանի ՊՆ-ին և ստեղծվում է մեր խորհրդականների խմբի օգնությամբ»:
Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանում կառուցվելու է ՆԱՏՕ-ի նախապատրաստական կենտրոն, և այդ առաջարկը Վրաստանի կառավարությունն արդեն իսկ ուղարկել է դաշինքի շտաբ-բնակարան:
Լահյուն ընդգծել է, որ Վրաստանում արդեն իսկ գործում է նմանատիպ կենտրոն՝ Սաչխերի բազան, ուր պատրաստում են լեռնային հրաձիգներին. «Այդ պատճառով էլ դա նորարարություն չէ Վրաստանի համար: Մենք չենք կարող դա անվանել ՆԱՏՕ-ի բազա կամ ուսումնական կենտրոն, դա կլինի վրացական կենտրոն»: