
Վնասվածքից վերականգնվելու համար Կիմ Չեն Ինին անհրաժեշտ է 100 օր. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը, ով սեպտեմբերի 3-ից չի հայտնվել հանրության առջև, վնասել է ջլերը: Այս մասին գործակալությանը հայտնել է ԿԺԴՀ-ի կառավարությունում նրա աղբյուրը:
Նրա խոսքերով՝ Կիմ Չեն Ինը վնասվածքը ստացել է զորավարժությունների ժամանակ, որոնք անցկացվել են օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին: Աղբյուրն ընդգծել է, որ Կիմ Չեն Ինը գեներալներին հրամայել է մասնակցել վարժանքներին և անձամբ է արել դա. նրանք սողացել են, վազել, գլորվել, և Կիմ Չեն Ինը վնասել է ջլերը:
Աղբյուրի խոսքերով՝ ավելորդ քաշը նպաստել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը վնասի կոճն ու ծունկը, և այժմ վերականգնման համար նրան անհրաժեշտ է 100 օր: Դրա հետ մեկտեղ Կիմ Չեն Ինը պետական գործերը պահում է իր լիակատար վերահսկողության տակ: