Լևոն Տեր-Պետրոսյան. Երկխոսության ու փոխզիջումային առաջարկները պետք է բխեն իշխանությունից

Ի հեճուկս ՀՀ վարչապետի և ոստիկանապետի, որոնք չեն խորշում նույնիսկ Մարտի 1-ով սպառնալ, համաժողովրդական շարժումը գործելու է միայն օրենքների շրջանակում, օրենքի ընձեռած բոլոր հնարավորությունների սահմաններում՝ հանարահավաքներ, պիկետներ, նստացույցներ և այլն, իսկ դրա դեմ ցանկացած գործողություն դիտվելու է որպես իշխանության կողմից սադրանք: Այս մասին Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ քաղաքացիներին կոչ անելով տուրք չտալ ինքնագործունեությանը և չենթարկվել սադրանքների: Ըստ նրա՝ իրենց ձեռնարկած գործը մեծագույն սթափություն է պահանջում:

«Վարչախմբի հանդեպ անխնա քննադատություններով հանդերձ հանրահավաքներում անձնական վիրավորանքներ չեն հնչելու: Նրանց մասին խոսելու ենք միայն քաղաքական լեզվով, միաժամանակ չզլանալով իրերը կոչել իրենց անունով և եթե գող են, ասելու ենք գող, եթե կաշառակեր են, ասելու ենք կաշառակեր, եթե տգետ են, ասելու ենք տգետ, եթե մարդասպան են, ասելու ենք մարդասպան, եթե ամբարտավան են, ասելու ենք ամբարտավան, եթե ստախոս են, ասելու ենք ստախոս և այլն»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը:

Նա հատուկ կարևորեց, որ ելնելով գործի նպատակահարմարությունից, միայն քառյակի ղեկավարությունն է սահմանում ընթացքի արագությունը և միջոցառումների ժամանակացույցը, իսկ քաղաքացիներից ակնկալվում է լիովին վստահել քառյակին և նրա որոշումներին՝ անկախ դրանք դուր կգա՞ն, թե՞ ոչ: «Առանց վստահության ձեռնարկած գործը չի կարող հաջողությամբ պսակվել,- նկատեց Լ. Տեր-Պետրոսյանը և հարևանությամբ «այո» բղավող քաղաքացուն կոչ արեց լռել,- Ես գիտեմ, որ «այո» բաներ եմ ասում, հո «ոչ» չեմ ասելու»: Քաղաքացու հերթական «այո»-ին Լ. Տեր-Պետրոսյանը արձագանքեց՝ «Չեղավ, զսպեք դրան»:

Նա նշեց, որ 12 կետերին շատ չեն անդրադառնա, դրա մասին շատ է խոսվել, բայց իրենք գիտեին, որ կառավարությունից չպետք է սպասել, որ կկատարեն: Ըստ նրա՝ կառավարությունն ապացուցեց, որ պատրաստ չէ ընդառաջ գնալ հասարակության չնչին պահանջներին: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանը նշեց, որ հարյուրավոր բացասական արձագանքներից հետո միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհատավար, որ այդ փոփոխությունները ձեռնարկվել են՝ «իր հոր արև, երկրի ու ժողովրդի բարօրության համար»:

Կարդացեք նաև

Լ. Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակ չունեն, բոլոր ցավոտ խնդիրների արմատը վարչախմբի հանցավոր էությունն ու լիակատար արատավորությունն է, և համակարգային լուծումներ են պահանջվում. «Հասունացել է ավազակապետությունից ազատվելու և ավգյան ախոռները մաքրելու ժամանակը»:

Նրա բնորոշմամբ՝ իշխանությունը բութ դանակով քերթում է ժողովրդի կաշին, ամենևին կշտանալու նշույլ ցույց չտալով, բայց նույնիսկ օտարների տիրապետության օրոք Հայաստանն ավելի թալանի չի ենթրակվել, քան հիմա: Նա խոսեց կոռուպցիայի ու ահռելի չափերի հասած արտագաղթի մասին՝ նշելով, որ արդարադատություն բացակայության պատճառով են մարդիկ բռնում արտագաղթի ճամփան: Լ. Տեր-Պետրոսյանը կոչ արեց իշխանությանը՝ «մի գողացեք և ժողովուրդը արտագաղթի ճամփան չի բռնի», ու նշեց, որ արտագաղթի իրական ծավալները թաքցվում են, բայց ինքը գերհավաստի աղբյուրներից գիտի ՀՀ բնակչության ներկայիս իրական թիվը, որը երկրի անվտանգության նկատառումներից ելնելով չի հրապարակի:

«Սարգսյանական վարչախումբը այնքան է փչացել, որ ունակ չէ այլևս որևէ լավ բան անելու,- ասաց Լ. Տեր-Պետրոսյանը՝ մատնանշելով, որ դրա ապացույցն են ԱՄՆ-ում դեսպան և Սյունիքում մարզպետ նշանակված անձինք,- Եթե ինչ-որ մարդիկ միամտաբար հույսեր էին կապում իշխանության վարքագծի շտկման հետ, ապա այդ նշանակումներով հույսերը հօդս ցնդեցին: Իշխանությունն օր-օրի ավելի անողոքաբար է կեղեքում ժողովրդին, խախտում Սահմանադրությունը»:

Ըստ նրա՝ սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է, ընդ որում՝ թե´ հայ ժողովրդի, թե´ արտաքին աշխարհի աչքում, նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ և աղետ է երկրի ու ժողովրդի համար, իսկ նրա իշխանության երկարաձգումը անխուսափելի աղետ, որից խուսափելու միակ միջոցը իշխանափոխությունն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը: Լ.Տեր-Պետրոսյանը նշեց, որ փաթեթային կամ փուլային տարբերակների մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքին:

«Փոխզիջումային առաջարկներ կամ վերջնագրեր չենք ներկայացնելու: «Սերժիկ հեռացիր» վանկարկումները պահանջ կամ վերջնագիր չեն, այլ Սերժին ուղղված բարեմաղթանք»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքն ընդմիջվեց «այո» և «Լևոն» վանկարկումներով ու ծափերով:

«Մեր քառյակի ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության ու փոխզիջումային առաջարկները պետք է բխեն իշխանությունից: Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, հնարավոր է ընդառաջենք, եթե ոչ, գործող նախագահի խոսքով, կուղարկենք գրողի ծոցը,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանը ու անդրադարձավ վանկարկումներին, նշելով, որ «հիմա, հիմա» հնչում էր 2008-ի հանրահավաքներին, իսկ ներկայումս դա սխալ վանկարկում է: Նա կրկնեց, որ գործընթացի ժամանակացույցը և արագությունը սահմանում է շարժման ղեկավարությունը, ուրիշ ոչ ոք:

Լ.Տեր-Պետրոսյանը հաջորդ հանրահավաքի օրը չհրապարակեց, բայց խոստացավ, որ այն շուտ կլինի և առաջիկա օրերի ընթացքում կհայտարարեն, բայց վստահություն հայտնեց, որ այն կլինի շատ ավելի հուժկու:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հյատարարեց, որ գնում են երթի՝ նախապես հայտարարված երթուղիով:

Տեսանյութեր

Լրահոս